Այսօր: Շաբաթ, 30 Մայիսի 2020թ.
Սարուխանի համայնապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
05/05/2017
ՍԱՐՈՒԽԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՆՊԱՍՏԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ՝ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղը հիմ­նադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուց­ված` կիկլոպյան ամրոցի հարավ-արևմտյան կող­մում Ք.ա. 1-ին հազարամյակում: Ամրոցը` որի ավե­րակները նշմարվում էին Ծաղկավանքի բլրի վրա, ունեցել է ստորերկրյա թունել դեպի մոտակա գե­տը: Ամրոցը համարվել է Ռուսա 1-ին արքայի կողմից հիշատակված Վելակունի (Գեղարքունիք) երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը: Գյուղի տարած­քից հայտնաբերվել է արտաշիսյան սահմանաքար, ինչը վկայում է, որ Արտաշես 1-ին Բարեպաշտ ար­քայի օրոք (Ք.ա. 189-160թթ.) այստեղ արդեն ձևա­վորված է եղել գյուղական համայնք: Միջնադարում Սարուխանը եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում գավառապետի նստավայրը: Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը: Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին: Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար Եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանից հալածվելով` հաստատվել է Սևանա կղզում և նշանակվել վանահայր: Գյուղը` մինչև 1928թ. կոչվել է Դալիղարդաշ, որը եղել է գյուղի հայ մելիքներից մեկի (Էհիի պապի) մականունը: 18-րդ դարի կեսերին գյուղը հիմովին ավերվել է լեզգիների կողմից: 19-րդ դարի սկզբներին Երևանի խանի ջանքերով` այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով` շուտով հեռացել են: Սարուխան համայնքն այսօր ղեկավարում է ամիսներ առաջ ընտրված, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում ծնված Հովհաննես Չիչոյանը: 1987 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, աշխատել է Մարտունու, Գավառի ծննդատների վարիչ, Գավառի ծննդատան, պոլիկլինիկայի տնօրեն: 2016 թ. ընտրվել է Սարուխան համայնքի ղեկավար:

-Պարոն Չիչոյան, Սարուխան գյուղի ներկայիս բնակիչների նախնիները որտեղից են եկել:

-Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները՝ 116 տնտեսություն` 700 շնչով, եկել են Հին Բայազետի Զանկիզոր (Զանկյազուր) և Սրբահան (Սուրբ Օհան) գյուղերից դեռևս 1830 թ.: 1850 թ. գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897թ.` պետական երկդասյա դպրոցը: Սարուխանցիներն աչքի են ընկել թե առաջին և թե երկրորդ աշխարհամարտերի տարիներին: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ, որոնցից 440-ը չեն վերադարձել: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սարուխանը տվել է 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ և բազմաթիվ սպաներ:

-Այս կարճ ժամանակահատվածում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում:

-Վերջին ամիսների ընթացքում հասցրել ենք վերանորոգել գերեզմանոցներ տանող փողոցները, կանոնավոր կերպով և անվճար, կազմակերպվում է նաև համայնքի աղբահանությունը: Համայնքը ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում, ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է:

-Բնակչության սոցիալ-կենցաղային պայմաններն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, ի՞նչ աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել:

-Համայնքի բնակչությունն ունի բավարար մասնագիտական ներուժ, հանգստի և առողջարանային գոտու համար կան շատ նպաստավոր պայմաններ: Առաջիկա 5 տարիների ընթացքում, նախատեսել ենք իրականացնել տարբեր ծրագրեր: Համայնքի թիվ 1 մանկապարտեզի հիմանորոգում, «Պալի տակ» կոչվող թաղամասում կամրջի կառուցում, համայնքի փողոցների բարեկարգում, «Գռի ձորում» ջրամբարի կառուցում, ոռոգման ցանցի հիմանորոգում և վերակառուցում, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրագործում, մարզադպրոցի կառուցում, շաքարի ճակնդեղի արտադրության կազմակերպում և վերամշակման գործարանի հիմնում, բազմապրոֆիլ հիվանդանոցի կառուցում` ժամանակակից բուժսարքավորումերով:

- Ի՞նչ խնդիրներ կան համայնքում, որոնք առաջնահերթ լուծումեր են պահանջում:

-Որպես առաջնային խնդիր` պետք է նշեմ ոռոգման ջրի ներհամայնքային համակարգի վատ վիճակը, ինչպես նաև աշխատատեղերի պակասը, արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թիվը: Բնակչության հիմական զբաղմունքն արտադրությունն է, մատուցվող ծառայությունները, առևտուրն ու արտագնա աշխատանքը: Աշխատատեղեր չլինելու պատճառով, բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ դուրս են մնացել աշխատանքային ոլորտից:

-Կրթամշակութային ինչպիսի՞ ուսումական կենտրոններ են գործում:

-Համայնքում գործում են երեք միջնակարգ դպրոց- ներ (ՊՈԱԿ-ներ), համայնքային ենթակայության երկու մանկապարտեզ, Սարուխան գյուղի արվեստի դպրոց (ՀՈԱԿ-ներ): Սարուխան համայնքի ավագանու 2016 թ. դեկտեմբերին կայացրած որոշման համաձայն՝ 2017թ. մանկապարտեզների աշխատանքը դարձել է տասը ամիս, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջտարյա: Այսօր մանկապարտեզներն ապահովված են ջեռուցման համակարգերով:

Մանվել Կիրակոսյան

Ագրոլրատու
http://minagro.am/public/uploads/2017/05/10-2017.pdf

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐՈՒԽԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner